Պետք է դուրս գանք հեղափոխական հռետորաբանությունից, տոտալ անտարբերության մատնենք ընդդիմադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին ու լծվենք պետականաշինության գործին՝ ԼՀԿ 4-ամյակի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ ցանկանում է մի քանի կարևոր շեշտադրում անել, որոնք անհրաժեշտ են այսօրվա իրենց հասկացված լինելու և իրենց ուղերձները բազմապատկելու համատեքստում: Նա հայտարարեց, որ իրենց հիմնադրման օրից անցել է 4 տարի և ներկայումս ՀՀ-ն և նրա հետ միասին ողջ քաղաքական համակարգը գտնվում է անցումային շրջափուլում, ինչը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար: Նրա խոսքով՝ իրենց համոզմամբ ինչպես այս, այնպես էլ ցանկացած մարտահրավերի կանխարգելման միջոցները պայմանավորված են քաղաքական համակարգի որակով և կենսունակությամբ: «Մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք անընդհատ խոսում քաղաքական համակարգի առողջացման մասին, հեղափոխություն է եղել, ամեն ինչ արդեն լավ է, ինչի եք այդ հարցը պահում օրակարգում: Եթե մենք կարողանանք իսկապես կենսունակ և արդյունավետ քաղաքական միջավայր ձևավորել, կկարողանանք նաև կայուն զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական երկիր ունենալ: Հենց այս հիմնախնդրով է պայմանավորված ԼՀԿ-ի առաքելությունն ու դերը ՀՀ քաղաքական կյանքում: Մենք բավականին դժվար ժամանակներ ենք ապրել այս 4 տարիներին. Լուսավոր, լավ հիշողություններ ունենք, բայց ամենևին էլ հեշտ չեն եղել: Ունեցել ենք և նվաճումներ, և կորուստներ, ապրել ենք և վերելքի՛, և ճգնաժամի շրջափուլեր, բայց այս ամենի հետ զուգընթաց կարողացել ենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, իսկ արդար ենք, որովհետև հավատարիմ ենք մնացել մեր առաքելությանը, սկզբունքներին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո շատ ուժեր չկարողացան դիմակայել փոփոխություններին, իսկ իրենք կան ու ամուր են, և իրենց վճռական խոսքը դեռևս առջևում է: Նա հավելեց, որ շատերը կանխատեսել էին ԼՀԿ-ի կործանումն ու անհետացումը, բայց ԼՀԿ-ն ոչ միայն չի կործանվել, այլ իրենք հիմա երրորդ ուժն են: «Հիմա հարց է ծագում, թե հեղափոխությունից հետո ինչու պետք է լինի ԼՀԿ և ընդդիմություն ընդհանրապես: Մեր կարճաժամկետ նպատակն է՝ հանդես գալ որպես հզոր, կենսունակ ընդդիմություն, իսկ ընդդիմադիր լինելը ինքնանպատակ չէ, մենք կառավարությանը երբեք չենք քննադատել զուտ ուղղակի անիմաստ քննադատելու և ցույց տալու, որ մենք քննադատում ենք: Ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է ու կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքերում պետք է դա լինի, որ ՀՀ-ում նոր Հայաստանի այլընտրանքը՝ որպես նոր Հայաստանի քաղաքական ուժ, ԼՀԿ-ն է: Հինը չի կարող լինել այլընտրանք, ես ուզում եմ այս արձանագրումն անենք»,- ասաց նա:
Մարուքյանը շեշտեց՝ ներկայումս քաղաքական համակարգը չափազանց պարզունակ է. «Դրանից ելնելով՝ պարզունակ է մարդկանց ընկալումը քաղաքականության վերաբերյալ, ձևավորվել է սև ու սպիտակի միջավայր, բարի ուժերը պայքարում են չար ուժերի դեմ, հեղափոխականները կռվում են հակահեղափոխականների դեմ, իսկ սա փակուղի է, քաղաքական միտքն անընդհատ պտտվում է նույն քայքայիչ առանցքի շուրջ»,- ասաց նա:
Մարուքյանը հավելեց, որ ԼՀԿ-ն ասում է՝ քաղաքականությունն ու ընդհանարապես աշխարհը չի կարող լինել սև ու սպիտակ, այն բազմագույն է, բազմաբևեռ, և այդ գույներն են հենց հարստացնում քաղաքական համակարգը, կյանքը և պրոցեսներին տալիս են միս ու արյուն: «Մենք ասում ենք, որ քաղաքականությունը հեղափոխական սրբերի, հերոսների և քաղաքական հանցագործների դիմակայություն չէ, պետք է դուրս գանք այս քայքայիչ, արհեստական շրջապտույտից և զբաղվենք իրական քաղաքական աշխատանքով, այս շրջապտույտը տանում է բոլորիս էներգիան, ժամանակը, հանրային ուշադրությունը և, ըստ էության, սրա արդյունքում որևէ բան տեղից առաջ չի շարժվում»,- ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց, որ առանց որակյալ ընդդիմության, Հայաստանի ապագան անորոշ է և առկախված: «Այս տեսանկյունից մենք՝ որպես հասուն հանրույթ, պետք է դուրս գանք հեղափոխական հռետորաբանությունից, մոռացության և տոտալ անտարբերության մատնենք ընդդմիադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին ու լծվենք պետականաշինության գործին: Եթե այսօր իրական ընդդիմությունը ձախողվի, ապա վստահ ասում եմ՝ կձախողվի նաև հեղափոխությունը, որովհետև քաղաքական համակարգը կմոնոպոլիզացվի, ինչի հետևանքով օրվա իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի, իսկ մրցակցությունից դուրս գալով՝ այսօրվա կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ մոնոպոլ իշխանությունը աստիճանաբար կարժեզրկի, որի արդյունքում կարժեզրկվի ամբողջ հեղափոխությունը, փոփոխությունները, մարդկանց ակնկալիքները»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մրցակցությունից դուրս գտնվող այլընտրանքներ և կոշտ վերահսկողություն չունեցող իշխանությունը դատապարտված է իրականությունից կտրվելուն, որի վերջնական հետևանքը ավտորիտարիզմի անխուսափելի հաստատումն է, սա մենք տեսել ենք և չենք ուզում այլևս տեսնել:
«Իսկ մեր երկարաժամկետ ծրագիրն է՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ստանձնումը. այս առումով մենք լուրջ անելիքներ ունենք՝ առաջին հերթին քաղաքական նոր մշակույթի ձևավորման և լուսավորական գաղափարների տարածման տեսանկյունից»,- ընդգծեց նա: